Ադրբեջանում նախընտրական քարոզարշավ է ծավալվում։ Սեպտեմբերի առաջին օրը այս երկրի քաղաքացիները կընտրեն հանրապետության Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներին։ Եվ չնայած Ադրբեջանը նախագահական կառավարման ձև ունեցող պետություն է, և խորհրդարանական քարոզարշավները երբեք առանցքային քաղաքական իրադարձություն չեն եղել (և դժվար թե դառնան 2024 թվականին), այս իրադարձությունն արժանի է ուշադրության մի շարք պատճառներով։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Նախ՝ ընտրությունները լինելու են արտահերթ։ Ըստ ծրագրի, խորհրդարանական քարոզարշավը պետք է սկսվեր ավելի ուշ և ավարտվեր 2024 թվականի նոյեմբերին։ Սակայն հունիսին իշխող «Ենի/Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավորները հանդես եկան Միլի Մեջլիսը վաղաժամկետ լուծարելու և ընտրությունները նախատեսված ժամկետից շուտ անցկացնելու նախաձեռնությամբ։ Արտահերթ ընտրությունները սովորական են դարձել Ադրբեջանում. Նախկինում էլ նախագահի և պատգամավորների ընտրությունը տեղի է ունեցել որոշակի «դեդլայն»-ներից շուտ։ Միլլի Մեջլիսի ընտրությունների նախորդ քարոզարշավը (այն ավարտվեց 2020 թվականի փետրվարի 9-ի քվեարկությամբ) նույնպես արտահերթ էր։ Իշխող կուսակցությունը հաղթեց, ինչպես և սպասվում էր, իսկ ընդդիմությունը (նույնպես միանգամայն սպասելի) մեղադրեց նրան կեղծարարության մեջ։
2024 թվականի ընտրությունների տեղափոխումը բացատրեցին Բաքվում կլիմայական օրակարգով միջազգային գագաթնաժողովի անցկացմամբ։ Այն նախատեսված է նոյեմբերին։ Բայց, ըստ իս, սա միայն ընթացակարգային նկատառումների և ժողովի հյուրերի հոգատարության խնդիր չէ: Առաջին հայացքից կլիման և Ղարաբաղը ոչ մի կապ չունեն: Բայց իրականում անուղղակի կապ կա։ Բաքվի համար չափազանց կարևոր է ցույց տալ, որ հին օրակարգը, որով պայմանավորված էր Ադրբեջանի քաղաքական կյանքը գրեթե երեք տասնամյակ, սպառված է։
Իսկ սրանից հետևում է երկրորդը. 2024 թվականի ընտրությունները կլինի առաջին խորհրդարանական արշավը, որը կիրականացվի նաև Ղարաբաղի տարածքում, որտեղից էլ կլինեն պատգամավորներ։ Իհարկե, նրանք չեն լինելու երկրում հիմնական որոշում կայացնողները։ Բայց իշխանություններին խորհրդանշական կապիտալ կտան, և ոչ փոքր։ Իլհամ Ալիևը շարունակում է օրակարգը թարմացնելու իր քաղաքականությունը։ Այս բառն իհարկե, պայմանական է։ Ո՛չ ինքը, ո՛չ նրա շրջապատը չեն պատրաստվում արմատապես կոտրել ստեղծված իշխանակարգը։ Բայց ողջ աշխարհին ցույց տալ, որ հին, ղարաբաղակենտրոն օրակարգն ավարտվել է (սպառվել է), Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է: Միևնույն ժամանակ ուզում է ևս մեկ անգամ ընդգծել իր անձնական դերն այս բոլոր փոփոխություններում»,- գրել է փորձագետը։





























