Դատարանը կալանքի որոշում է կայացրել Մոսկվայի նախկին քաղաքապետի աներորդու` գործարար Վիկտոր Բատուրինի նկատմամբ, ով մեղադրվում է «ԻՆՏԵԿՈ» ընկերության պարտամուրհակներով խարդախության փորձ կատարելու մեջ:

Դատարանի որոշմամբ, Բատուրինը կալանքի տակ է գտնվելու մինչեւ 2012թ. հունվարի 28-ը: Դատարանը գտել է, որ, լինելով ազատության մեջ, Բատուրինը կարող է թաքնվել քննությունից, խոչընդոտել այն, ճնշում բանեցնել քննիչների վրա: Պաշտպանները առաջարկում էին տնային կալանքի ենթարկել Բատուրինին:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի աներորդուն` Վիկտոր Բատուրինին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության փորձ անելու մեջ: Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «ԻՆՏԵԿՈ» ընկերության գրասենյակում Բատուրինը ներկայացրել է 10,8 մլն ռուբլու պարտամուրհակ եւ պահանջել վճարում կատարել: Սակայն աշխատակիցները կասկած են հայտնել դրա իսկության վերաբերյալ:

Քննությունը համոզված է, որ կասկածյալը տեղյակ է եղել դրա կեղծ լինելու փաստին: Նա հայտնել էր, թե ստորագրել է այդ մուրհակը «ԻՆՏԵԿՈ»-ի նախագահի` իր քրոջ Ելենա Բատուրինայի հրահանգով: