«Միսս Ռուսաստան-2011» մրցույթի հաղթող է ճանաչվել Ֆինանսական համալսարանի ասպիրանտ 23-ամյա Նատալյա Պերեւերզեւան:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն տեղեկացնում է, որ նախորդ տարի Պերեւերզեւան նվաճել է «Միսս Մոսկվա» տիտղոսը, ինչն էլ նրան թույլ է տվել մայրաքաղաքը ներկայացնել համառուսաստանյան գեղեցկության մրցույթում: Այժմ առջեւում «Միսս աշխարհ» մրցույթն է:
Նատալյա Պերեւերզեւան սիրում է երաժշտություն, եւ նրա նպատակն է «անել ամեն հնարավորը, որպեսզի իր երեխաները հպարտանան իրենց մայրիկով»:
Ինչպես հաղորդում է ԱԻՖ-ը, նորաթուխ գեղեցկուհին, պարզվում է, արդեն հասցրել է մերկ լուսանկարվել տղամարդկանց ամսագրի համար:
2011թ. մայիսին «Միսս Մոսկվա» Նատալյա Պերեւերզեւան տղամարդկանց Playboy ամսագրի շապիկին է հայտնվել: Նա ЮГА.ру-ին պատմել է, որ առաջին հերթին ցանկացել է ոճային պատմություն կերտել, ինչպես նաեւ իրեն փորձել նոր կերպարում: Աղջիկը խոստովանել է, որ հուզվում էր, քանի որ նուրբ հարցեր կային: Սակայն նրան հաջողվել է հաղթահարել ամաչկոտությունը:
Գեղեցկության մրցույթներում հաջողություններից հետո Նատալյա Պերեւերզեւան հասկացել է, որ մասնագիտությամբ չի աշխատելու: Նա սիրահարվել է նկարահանման գործընթացին եւ զբաղվում է դերասանական վարպետությամբ: Ի հավելումն դրա` նաեւ երգում է:
Թագի համար այս տարի պայքարում էին 48 աղջիկներ երկրի տարբեր շրջաններից: Մրցույթի ժյուրին, ինչպես նախորդ տարի, նախագահում էր դերասան, Ռուսաստանի կասկադյորների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ինշակովը: Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել «Կոսմոս» հյուրանոցի դահլիճում:
Հաղթողն ադամանդե վզնոցն ստացել է «Ռուսաստանի գեղեցկուհի-2010» Դարյա Կոնովալովայի ձեռքից, գրում է «Лента.Ру»-ն:




























