«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` դեկտեմբերի 2-ին, կրկին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել: Ամերիկյան դոլարը պահանջարկ է վայելել 382.50 դրամով, սակայն այդ հայտերը չեն բավարարվել: Հետեւաբար, թեեւ գործարքներ բորսայում տեղի չեն ունենում արդեն 2 առեւտրային նստաշրջան անընդմեջւ, կարելի է խոսել դոլարի թանկացման մասին:
Պատահական չէ, որ կանխիկ արտարժույթի շուկայում երեկվա համեմատ դոլարը թանկացել է միջինը 1 դրամով: Եթե երեկ փոխանակման կետերը դոլարն առաջարկում էին 382 դրամով, ապա այսօր վաճառքի նվազագույն գինը 383 դրամն է: Դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 381 դրամ:
Փոխարժեքի վերջին տատանումները խոսում են այն մասին, որ բանկերը ցանկանում են շատ հեռանալ 1դոլար/382 դրամ փոխարժեքից: Պատճառը հավանաբար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հոկտեմբերի վերջերին հրապարակած ֆինանսական կայունության մասին հերթական հաշվետվությունում առկա սցենարներն են: Այդ հրապարակման աղյուսակներից մեկում տրված էր փոխարժեքի 2 հնարավոր սցենար: Առաջին` «նորմալ» սցենարով 2011 թ. դոլարի փոխարժեքը պետք է կազմի 382 դրամ, իսկ 2012 թ.` 400 դրամ: Կար նաեւ երկրորդ` «շոկային» սցենարը, ըստ որի` հնարավոր է, որ դոլարի փոխարժեքը 2011 թ. հասնի 420 դրամի, իսկ 2012 թ.` 462 դրամի: Դոլարի արժեզրկման սցենար այդ աղյուսակում չկար:
Այս հրապարակումից հետո դոլարը ֆինանսական շուկայում սկսեց արագորեն թանկանալ, բանկերը ձգտում են մոտ լինել 1դոլար/382 դրամ փոխարժեքին, որով էլ պայմանավորում են իրենց շուկայական վարքագիծը:
Սամվել Ավագյան




























