Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ երկարաձգել բազուկի տերևակտրիչ և բազուկ հավաքող մեքենաների ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողության ժամկետը, հայտնում է Միության կայքը։

«Միջոցառումն ուղղված է աջակցելու Եվրասիական տնտեսական միության գյուղմթերք արտադրողներին և կնվազեցնի կազմակերպությունների ծախսերը բազուկի հավաքման նոր կոմբայնների գնման համար՝ բարձր մաշվածության սարքավորումների աստիճանական փոխարինման նպատակով: Որոշումը կօգնի զսպել գյուղմթերքի թանկացումը և կօգնի ապահովել մեր երկրների պարենային անվտանգությունը»,- ասել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր հետո և կտարածվի 2024 թվականի հուլիսի 1-ից եղած իրավահարաբերությունների վրա։

Նշված ապրանքատեսակների համար ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափը կիրառվել է 2022 թվականի մարտի 28-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ։