Կիրակի իրավապահները Ֆլորիդայում Trump International գոլֆ ակումբի տարածքում թփերի մեջ թաքնված տղամարդու են ձերբակալել։ Թփերի մեջ նրանք հայտնաբերել են օպտիկական նշանոցով AK-47 ինքնաձիգ, երկու ուսապարկ և GoPro տեսախցիկ։ Ամերիկյան և միջազգային լրատվամիջոցները պարզել են, որ տղամարդը Ռայան Ուեսլի Ռութն է:
Ըստ Associated Press գործակալության՝ 58-ամյա Ռութն իր կյանքի մեծ մասն ապրել է Հյուսիսային Կարոլինայում, իսկ 2018-ին տեղափոխվել է Կաավա՝ Հավայան կղզիներ:
Հավայան կղզիներում նա և իր որդին օժանդակ շինություններ էին կառուցում, եթե հավատալու լինենք նրանց ձեռնարկության կայքի արխիվացված տարբերակին, հայտնում է BBC-ն։
Դոնալդ Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձին առնչվող Ռայան Ռութի որդին՝ Օրան Ռութը CNN-ին հայտարարել է, որ խելահեղ և առավել ևս բռնի գործողությունների դիմելը ամենևին բնորոշ չէ իր հորը։
«Ռայանն իմ հայրն է, և ես այլ մեկնաբանություն չունեմ, քան նրան նկարագրել որպես սիրող և հոգատար հայր և ազնիվ, աշխատասեր մարդ»,-ասել է Օրան Ռութը: «Ես չգիտեմ՝ Ֆլորիդայում ինչ է տեղի ունեցել, և հուսով եմ՝ բոլորը պարզապես լուն ուղտ են սարքում»,-հավելել է նա:
BBC-ն, ուսումնասիրելով սոցցանցերում Ryan Routh անունով օգտատիրոջ օգտահաշիվները եւ ձերբակալվածի լուսանկարներին նմանվող լուսանկարները, պարզել է, որ նա, մասնավորապես, ջերմորեն պաշտպանել է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Ինչպես տեղեկացրել է Financial Times-ը, Ռայանը հազարավոր օտարերկրացի կամավորների շարքում մեկնել է Ուկրաինա 2022թ. փետրվարին ռուսական լայնածավալ ներխուժումից հետո։





























