Այլեւս անհրաժեշտ չէ, որ ամերիկյան զորքերը գտնվեն Իրաքում, շուտով կհայտարարվի նրանց դուրս գալու ժամանակացույցը։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանին Bloomberg գործակալության հարցազրույցում։

«[Միջազգային] կոալիցիայի անհրաժեշտություն չկա։ Մենք պատերազմներից անցել ենք կայունության։ «Իսլամական պետություն» [ահաբեկչական խմբավորումը] լուրջ խնդիր չի ներկայացնում»,- ասել է վարչապետը։

Աս-Սուդանիի խոսքով՝ իրաքյան զորքերի հաջող մասնակցությունը երկրի տարածքում ԻՊ կազմավորումների մնացորդների դեմ ամերիկա-իրաքյան համատեղ շուրջկալներին հաստատում է, որ իրաքյան անվտանգության ուժերը կարող են ինքնուրույն պայքարել ահաբեկչական խմբավորման դեմ։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ Իրաքը եւ ԱՄՆ-ը կշարունակեն համագործակցել անվտանգության եւ տնտեսության ոլորտներում անգամ զորքերի դուրսբերումից հետո։