Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը երեքշաբթի իր չինացի գործընկեր Վան Վենտաոյի հետ հանդիպումից հետո կոչ է արել քաղաքական լուծում տալ Եվրամիության և Չինաստանի միջև էլեկտրամոբիլների մաքսատուրքերի առնչությամբ ծավալված վեճին, հայտնել է Reuters գործակալությունը:

«Ցանկանում ենք ամեն գնով խուսափել մաքսատուրքերի պարուրաձև աճով ուղեկցվող առևտրային ընդհարումից, որոնք, ի վերջո, վնասում են երկու կողմերին», - ասված է Հաբեկի հայտարարության մեջ: «Այնպես որ, իմ դիրքորոշումը հստակ է՝ մեզ քաղաքական լուծում է անհրաժեշտ»։

Եվրահանձնաժողովն ավելի վաղ հաստատել էր, որ հուլիսի 5-ից բարձր մաքսատուրքեր կսահմանվեն չինական մարտկոցներով էլեկտրական ավտոմեքենաների (BEV) նկատմամբ։ Այս ճակատագրական որոշումը կարող է փոխել Բրյուսելի հարաբերությունները Պեկինի հետ և պատասխան քայլերի դրդել ընդդեմ եվրոպական ավտոարտադրողների:

Հունիսի սկզբին հայտարարված քայլը խորը հետաքննության արդյունք էր, որը պարզեց, որ լրավճարները լցվում են Չինաստանում արտադրվող BEV-ների մատակարարման ամբողջ շղթայում ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան ընկերությունների կողմից: Ըստ ԵՄ պաշտոնյաների՝ Չինաստանի կառավարության փողը հայտնաբերվել է ամենուր՝ մարտկոցներ պատրաստելու համար անհրաժեշտ հումքի արդյունահանումից մինչև պատրաստի արտադրանքը եվրոպական ափեր առաքող ծառայություններ:

Լրավճարների մասշտաբը չինացի արտադրողներին հնարավորություն է տալիս իրենց էլեկտրական ավտոմեքենաներն առաջարկել զգալիորեն ցածր գներով, քան ԵՄ-ում հավաքված էլեկտրական ավտոմեքենաները, որտեղ էներգիայի և աշխատուժի ծախսերը շատ ավելի բարձր են: Գնային ճեղքվածքը, Եվրոպական հանձնաժողովի տվյալներով, հանգեցրել է չինական BEV-ի ներմուծման աճին՝ 2020 թվականի՝ շուկայի 3,9%-ից 2023 թվականի վերջին հասնելով 25%-ի:

Էժան ներմուծման այս ալիքը «տնտեսական վնասի սպառնալիք» է ԵՄ մրցակիցների համար, ինչը կարող է հանգեցնել մեծ կորուստների և հղի է մինչև 12 միլիոն աշխատատեղերի կորստով, նախազգուշացնում է Եվրոպական հանձնաժողովը: