Մամուլի դեմ նոր մեղադրանք է առաջադրել հայտնի բիթլ Փոլ Մաքքարթնին: Նա կարծում է, որ իր բջջային հեռախոսը գաղտնալսել են եւ կարդացել իր հաղորդագրությունները: Ավելին, երգիչը ոստիկանությանն ապացույցներ է ներկայացրել դրա վերաբերյալ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է աստղին մոտ կանգնած աղբյուրը, չկոնկրետացնելով, թե հատկապես որ լրատվամիջոցներն են մեղադրվում գաղտնալսում կատարելու մեջ, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Ինքը` Փոլ Մաքքարթնին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրեն այդ խնդիրն անհանգստացրել է հատկապես կնոջից բաժանվելու ժամանակ, երբ իր անձնական կյանքի հանդեպ մեծ հետաքրքրություն կար:

Նա հայտնել է, որ հենց իր ամուսնալուծության ժամանակ է հասկացել, որ իրեն, հնարավոր է, լսում են: Նա նույնիսկ խոսափողում երբեմն ասել է. «Եթե դու ձայնագրում ես, ավելի լավ է սեփական կյանքով ապրես»: Երգիչը բողոքել է, որ չի կարողացել հեռախոսով ազատ խոսել իր անձնական խնդիրներից: Հիմա նա ստիպված է քիչ խոսել հեռախոսով եւ հարմարվել կյանքի նոր պայմաններին:

The Beatles քառյակի նախկին անդամը կարծում է, որ վատ չէր լինի նման դեպքերի համար օրենքներ ունենալ:

Հայտնի երաժիշտը նաեւ բողոքել է, որ չի կարողանում նորմալ հանգստանալ ծովափում` վախենալով պապարացիներից:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում սկանդալ է հասունացել հայտնի մարդկանց հեռախոսները գաղտնալսելու հետ կապված, որի հետ առնչություն ունի News of the World տաբլոիդը: Այն փակվել է, իսկ նրա գլխավոր խմբագիրը` կալանավորվել:

Տաբլոիդի դեմ ցուցմունքներ են տվել բանաստեղծուհի Ջոանա Ռոուլինգը եւ դերասաններՀյու Գրանտն ու Սիենա Միլլերը: