ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները եւ դեմոկրատները բաց են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավացնելու առաջարկների հանդեպ, փորձելով Անկարային հետ պահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռազմական կապերից, գրել է The Hill պարբերականը։
Թուրքիան ԱՄՆ եւ ՆԱՏՕ ամենաանհաճո դաշնակիցներից է, ընդգծում է ԶԼՄ-ն։
«Մի կողմից՝ Էրդողանը հակադեմոկրատական ղեկավար է, աջակցում է ՀԱՄԱՍ-ին, ենթադրաբար կոռումպացված ղեկավար է, որն օգտագործում է բռնությունը այլախոհությունը ճնշելու համար (այդ թվում ԱՄՆ-ում բողոքողների դեմ) եւ մասնակցում է սադրիչ ռազմական գործողությունների ՆԱՏՕ գծով մյուս դաշնակիցների դեմ, ինչպիսին է Հունաստանը։ Բայց մյուս կողմից Էրդողանը ցուցադրել է Անկարայի՝ որպես կարեւոր միջնորդ հանդես գալու ունակությունը ՆԱՏՕ-ի եւ նրա հակառակորդների միջեւ; զգալի ավանդ է ներդրել սիրիացի փախստականների հումանիտար օգնության գործում; երկրի աշխարհագրական դիրքը, որը սահմանակցում է Ասիային, Եվրոպային եւ Մերձավոր Արեւելքին, նրան դարձնում է կարեւոր խաղացող ռազմավարական անվտանգության ոլորտում»,- գրել է հոդվածի հեղինակը։
«Կոնգրեսը ողջունում է Բայդենի թուրքական գամբիտը Ռուսաստանի հետ «ճոպան ձգելիս» հոդվածում հեղինակ Լաուրա Քելին հիշեցրել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները փչացել են նախկին նախագահ Թրամփի ժամանակներից, երբ Անկարան գնեց ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգեր, ինչն ստիպեց Կոնգրեսին հանել Թուրքիային F-35 հարվածային կործանիչների ծրագրից, ինչը դարձավ Ռուսաստանի դեմ Կոնգրեսի զանգվածային պատժամիջոցների մի մասը 2016թ. ընտրություններին նրա միջամտությունից հետո։ ԱՄՆ պաշտոնատար անձինք միաժամանակ հայտարարեցին, որ Թուրքիայում Ս-400-ների առկայությունը անվտանգության սպառնալիք է ստեղծում՝ ռիսկի ենթարկելով F-35-ի սպասարկումն ու արտադրությունը ռուսական հետախուզական տվյալների հավաքման համար։
Արդյունքում՝ Թուրքիան զրկվեց մոտ 100 նորագույն կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունից եւ դրանց արտադրության պայմանագրերից։
Բայց տեղեկացվում է, որ Բայդենի վարչակազմը լուծում է փնտրում, որի դեպքում Թուրքիան կհամաձայներ Ս-400-ները հանձնել ԱՄՆ վերահսկողությանը կամ թույլ կտար ամերիկացիներին դրանց հասանելիություն ունենալ F-35-ների ծրագրի վերադարձի դիմաց, ընդգծել է պարբերականը։
Թուրքիայի վերադարձը F-35-ների ծրագրին կպահանջի չորս առաջատար օրենսդիրների հավանությունը Ներկայացոցիչների պալատում եւ Սենատում, քայլ, որի հարցում օրենսդիրները լավատեսություն են հայտնել, երբ նրանց դիմել է Կոնգրեսը։
Ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Մակքոլը (Ներկայացուցիչների պալատի արատքին գործերի կոմիտեի նախագահ) ծիծաղել է, երբ իրեն հարցրել են, թե արդյոք Բայդենի վարչակազմը բանակցում է Թուրքիայի հետ Ս-400-ների հասանելիության հարցում՝ դրա կառուցվածքի ուսումնասիրման համար։ «Դե ինչ, Թուրքիան հասանելիություն ունի Ս-400-ներից մեկի հանդեպ, եւ դա ուրախացնում է»,- ասել է Մակքոլը ի պատասխան The Hill-ի հարցի։
Մակքոլի խոսքով՝ Բայդենի վարչակազմը փորձում է գործարք կնքել Թուրքիայի հետ, որպեսզի վերադարձնի նրան F-35 ծրագիր։ Նա նշել է, որ դա «կախված է այն բանից, թե ինչ կանի Թուրքիան դրա դիմաց։ Եվ ես չեմ կարող հասկանալ, թե ինչ է դա»։
Կոնգրեսականի խոսքով՝ Էրդողանը ցուցադրել է բարդ բանակցությունները մինչեւ վերջ հասցնելու ունակություն՝ առաջ շարժվելով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման հարցում՝ ԱՄՆ F-16-ների մատակարարման դիմաց, ինչպես նաեւ այլ զիջումների, որոնց Թուրքիայի նախագահը հասել է Ստոկհոլմից եւ Եվրամիությունից։
Նա ասել է, որ Թուրքիան առաջ կընթանա F-35-ների մատակարարումների հավանության հարցում, եթե հրաժարվի Ս-400-ներից։





























