Լիբանանի բանակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով երկրի ժողովրդին զերծ մնալ քաղաքացիական խաղաղությանը վնասող գործողություններից։
«Իսրայելական թշնամու շարունակվող հանցավոր ագրեսիայի լույսի ներքո, որը հանգեցրեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլայի նահատակությանը և ավելի քան հազար նահատակների, ի լրումն վերջին մի քանի օրվա ընթացքում հազարավոր վիրավորների, բանակի հրամանատարությունը կոչ է անում քաղաքացիներին. պահպանել ազգային միասնությունը և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել քաղաքացիական խաղաղությանը մեր երկրի պատմության այս կրիտիկական և զգայուն ժամանակահատվածում», - ասված է Լիբանանի բանակի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «իսրայելական թշնամին ձգտում է իրականացնել իր ավերիչ ծրագրերը և պառակտում սերմանել լիբանանցիների միջև»։
«Բանակի հրամանատարությունը շարունակում է անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և կատարել քաղաքացիական խաղաղության պահպանման իր ազգային պարտքը։ Այն քաղաքացիներին կոչ է անում համագործակցել այդ միջոցառումների իրականացման գործում և աջակցել ազգային միասնությանը, որը մնում է Լիբանանի միակ երաշխիքը»,- ընդգծվում է Լիբանանի բանակի հայտարարության մեջ։





























