Հունիս-հուլիս-օգոստոսին Ուկրաինայում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 589 քաղաքացիական անձ, վիրավորվել է 2 685 խաղաղ քաղաքացի։ Այս մասին նշվել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն լիազորի գրասենյակի զեկույցում։

ՄԱԿ փորձագետները նշում են, որ զոհերի եւ վիրավորների թիվը քաղաքացիական անձանց շրջանում ամռան երեք ամիսներին 45 տոկոսով ավելին է, քան գարնան երեք ամիսներին, նրանք զոհվել են հիմնականում Ուկրաինայի օրինական իշխանությունների վերահսկած տարածքներում։

Ամենաարյունալի օրը եղել է հուլիսի 8-ը, երբ զոհվել է 43 մարդ։

ՄԱԿ փորձագետները հատկապես նշում են, որ առայժմ չեն կարող հաշվել քաղաքացիական զոհերի թիվը Կուրսկի մարզում, որտեղ օգոստոսի 6-ին մտել են ուկրաինական զորքերը։

«Մենք պարզել ենք որոշ քաղաքացիական անձանց անունները, որոնք սպանվել կամ վիրավորվել են այդ ներխուժման հետ կապված, բայց մենք չենք կարող պարզել այն հանգամանքները, որոնցում եղել են այդ զոհերը՝ բաց տեղեկատվության բացակայության պատճառով։ Օգոստոսին մենք խնդրել ենք ռուսական իշխանություններին մեզ համար ապահովել հասանելիություն, բայց այն մինչ այժմ չի տրամադրվել»,- նշել է ՄԱԿ գրասենյակը։

ՄԱԿ հաշվարկներով՝ պատերազմի հետեւանքով զոհվել է Ուկրաինայի 11 743 եւ վիրավորվել 24 614 խաղաղ բնակիչ, նրանց ճնշող մեծամասնությունը գտնվել է Ուկրաինայի իշխանությունների վերահսկած տարածքներում, այսինքն՝ դարձել է ռուսական հարվածների զոհ։