Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ ուկրաինացի զինվորականները ATACMS բալիստիկ հրիթռներով հաջող հարված են հասցրել ռուսական «Небо-М» ռադիոլոկացիոն կայանին։ Հաղորդման մեջ չի նշվել, թե որտեղ է գտնվում այդ օբյեկտը։
Ինչպես նշել է Գլխավոր շտաբը, ««Небо-М»-ի ոչնչացումը նպաստավոր «օդային միջանցք» կստեղծի Storm Shadow եւ SCALP-EG թեւավոր հրթիռների օգտագործման համար։
Ռուսաստանն, ըստ ուկրաինացի զինվորականների, ունի նման 10 համակարգ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է ավելի քան 100 մլն դոլար։
«Национальная оборона» ռուսական ամսագիրը գրել է, որ «Небо-М» համալիրը արտադրվում է ռուսական «Ալմազ-Անթեյ» կոնցեռնում եւ նախատեսված է «աերոդինամիկ եւ բալիստիկ օբյեկտների հայտնաբերման համար միջին եւ մեծ բարձրություններում»։
Հրապարակման հեղինակները, հղում կատարելով Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ներկայացուցիչներին, տեղեկացրել են, որ ՌԴ-ն ունի «ավելի քան երկու տասնյակ նման համալիրներ, որոնք գտնվում են երկրի ամբողջ տարածքում»։
Ուկրաինայի ԶՈւ-ն ATACMS բալիստիկ հրթիռներն ստացել է ԱՄՆ-ից։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վաշինգտոնն արգելում է Ուկրաինային հարվածներ հասցնել հեռահար զենքով Ռուսաստանի տարածքի խորքին, քանի որ զգուշանում է թեժացումից։ ԱՄՆ իշխանությունները նշել են, որ Ուկրաինայի ԶՈւ-ն կարող է դրանցով խփել Ռուսաստանի կողմից օկուպացված իր տարածքում, ինչպես նաեւ ռուսական թիրախներին, որոնք գտնվում են ուկրաինական սահմանին մոտ։





























