45 նավ հերթի մեջ է ԱՄՆ Ատլանտյան ափին նավահանգիստների աշխատողների գործադուլի պատճառով, որն սկսվել է հոկտեմբերի 1-ին։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Նրա տեղեկացմամբ՝ դեռ սեպտեմբերի 29-ին Արեւելյան ափում ընդամենը երեք նավ էր կանգնած, իսկ հոկտեմբերի 2-ին դրանց թիվը քանիցս ավելացել էր։ «Շատ փոխադրողներ նախընտրել են պարզապես սպասել [գործադուլի] ավարտին»,- իրավիճակը մեկնաբանել է Everstream Analytics ընկերության փորձագետ Ջենա Սանտորոն։ Մինչդեռ, ըստ նրա, այս վիճակը կարող է շաբաթներ, անգամ ամիսներ տեւել։

Ինչպես գրել է Reuters-ը, այլընտրանք կարող է լինել Պանամայի ջրանցքով նավերը Խաղաղօվկիանոսյան ափ ուղարկելը, բայց այդ տարբերակը ենթադրում է երկար երթուղիներ եւ ուղեկից ծախսեր։

Հոկտեմբերի 1-ին Politico թերթը տեղեկացրել էր, որ տասնյակ հազարավոր նավահանգստային բեռնակիրներ Ատլանտյան ափին գործադուլ են սկսել եւ թողել են աշխատատեղերը կեսգիշերից հետո։ Գործադուլի պատճառն այն է, որ Նավահանգստային բեռնակիրների միջազգային ասոցիացիան չի կարողացել համաձայնեցնել նոր պայմանագիրն աշխատանքի վճարման մասին։ Պարբերականի տվյալներով՝ գործադուլը նշանակում է, որ բեռները չեն կարող բեռնաթափվել նավահանգիստներում Ատլանտյան ափի ողջ երկայնքով եւ Մեքսիկական ծոցի երկայնքով։ Նշվել է, որ  անգամ նավահանգիստների կարճատեւ պարապուրդը կարող է «շոկ առաջացնել» տնտեսությունում։ Եթե գործադուլը ձգձգվի, այն դժվար դրության մեջ կդնի ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, ներառյալ նրա թեկնածու Քամալա Հարիսին, որն ստիպված կլինի «ընտրություն կատարել իր դաշնակից աշխատավորների եւ լիարժեք գործող տնտեսության միջեւ»։