Եթե ԱՄՆ-ը սկսի միջուկային փորձարկումների վերսկսման միջոցառումներ ձեռնարկել, Ռուսաստանն անմիջապես հայելային պատասխան կտա։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը RT հեռուստաալիքի եթերում։
«Եթե սկսվեն գործընթացներ, որոնք կնշանակեն, որ ԱՄՆ-ը նայում է միջուկային փորձարկումները վերսկելու ուղղությամբ, Ռուսաստանը հետ չի մնա եւ անմիջապես հայելային պատասխան կտա»,- ասել է Ռյաբկովը։
Մեկնաբանելով ՌԴ-ի կողմից Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի (ՄՓՀԱՊ) վավերացման հետկանչը 2023թ. նոյեմբերին՝ Ռյաբկովը նշել է, որ Մոսվայի «համբերությունը սպառվել է»։ «Մենք 2023-ից սպասում էինք, վերջակետ է դրվել։ Թե ինչ կլինի հետո՝ հարցը բաց է։ Դրա պատասխանը լիովին կախված է այն գծից, որը կիրականացնեն ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները»,- ասել է նա։
Ինչպես պարզաբանել է ԱԳ փոխնախարարը, վավերացման հետկանչը պայմանագրից համարժեք դուրս գալ չի հանդիսանում։ «Մենք շարունակում ենք գործել դրա տառին ու ոգուն համապատասխան»,- ավելացրել է նա։
ԱՄՆ-ը վերջին միջուկային փորձարկումն իրականացրել է 1992թ.։ Դրանց դադարեցման մասին որոշումն ընդունվել է Ջորջ Բուշ-ավագի վարչակազմի կողմից։ 1996թ. 187 երկրներ ստորագրել են ՄՓՀԱՊ-ը, որն արգելում է միջուկային փորձարկումները բոլոր միջավայրերում։ Այն պետք է դառնար հիմնական միջազգային իրավական գործիքը միջուկային փորձարկումների ցանկացած տեսակի դադարեցման համար։ Սակայն պայմանագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ, քանի որ այն չվավերացրին 44 պետություններից 8-ը, որոնք միջուկային զենք կամ դրա ստեղծման պոտենցիալ ունեն։ 2023թ. նոյեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց օրենք, որի համաձայն՝ Ռուսաստանը հետ է կանչում ՄՓՀԱՊ վավերացումը։ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ՄՓՀԱՊ վավերացման հետկանչը չի նշանակում, թե Ռուսաստանը նախատեսում է միջուկային փորձարկումներ իրականացնել, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։





























