Կիպրոսի խոշորագույն բանկը՝ Bank of Cyprus-ը, Ուկրաինայում ռազմական կոնֆլիկտի բռնկումից հետո ՌԴ քաղաքացիություն ունեցող մոտ 7 հազար հաճախորդի շուրջ 20 հազար հաշիվ է փակել, ասվում է Frank Media-ի հարցին բանկի ներկայացուցիչ Կարեն Լը Կաննուի տված պատասխանում։

Ըստ նրա, բանկը սկսել է վերակազմավորել բանկի հաճախորդների պորտֆելը դեռևս 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցմանն ի պատասխան հակառուսաստանյան պատժամիջոցներ մտցնելուց հետո:

«Այն ժամանակ, երբ 2014 թվականին սկսվեց բանկի հաճախորդների պորտֆելի վերակազմավորումը, ռուսաստանցիները կազմում էին հաճախորդների պորտֆելի 4%-ը: Այսօր այդ մասնաբաժինը կազմում է ընդամենը 0,4 տոկոս»,- ասել է նա։

Մնացած բանկային հաշիվները, ըստ Լը Կաննուի, հիմնականում պատկանում են ռուսաստանցի կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին։ Կիպրոսի բանկի ներկայացուցչի վկայությամբ, երբ որոշում է ընդունվել, թե որ հաճախորդների հաշիվները պետք է փակվեն, բանկն առաջնորդվել է «համապատասխանության միջազգային չափանիշներով» և ռիսկերի կառավարման իր քաղաքականությամբ:

Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ բանկի հետագա քաղաքականության մասին հարցին Լը Կաննուն պատասխանել է, որ բանկը դիտարկում և գնահատում է հնարավոր հարաբերությունները Ռուսաստանի այն քաղաքացիների հետ, որոնք օրինական կերպով բնակվում են Եվրոպայում, միջազգային պատժամիջոցների տակ չեն և ընդունելի գործունեություն են իրականացնում բանկի քաղաքականությանը համապատասխանող ոլորտներում։

Bank of Cyprus-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախատեսում է մինչև 2023 թվականի ամառը փակել 4 հազար հաճախորդի հաշիվ, որոնք ՌԴ անձնագրեր ունեն և չեն ապրում ԵՄ երկրներում։