Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառում, որ եթե «Վրացական երազանքը» հաղթի խորհրդարանական ընտրություններում, իրեն կարող են բանտ նստեցնել։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։

Զուրաբիշվիլիին հարցրել են, թե ինչ կլինի, եթե ընտրություններում հաղթի «Վրացական երազանքը»։

«Հավանաբար, ինձ իմպիչմենտի կենթարկեն և կկալանավորեն, եթե դա տեղի ունենա», - պատասխանել է նա:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ը որոշել է վերսկսել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը։

«Վրացական երազանքի» որոշումը կապված է Զուրաբիշվիլիի՝ Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա կատարած այցերի հետ, որոնք իրականացվել են առանց կառավարության թույլտվության։

Զուրաբիշվիլիի լիազորություններն արդեն ավարտվում են հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։

Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրություններն անցկացվում են նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո 45 օրվա ընթացքում։