«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հայաստանում ներդրել է մոտ 1 մլրդ դոլար։ Այս մասին «Էներգետիկ գործընթացները. տարածաշրջան» թեմայով սեմինարի ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պլանավորման և տնտեսական բաժնի պետ Վահագն Մաթևոսյանը։

Նա ասաց, որ առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում են նաև մոտ 500 մլն դոլարի ներդրումներ։

«Հանրապետության 650 բնակավայր գազաֆիկացվել է։ Հայաստանը 96%-ով գազաֆիկացված է, և այս ցուցանիշով աշխարհի առաջատար երկրներից է։ Մոտ 770 հազար բաժանորդ միացված է գազաբաշխիչ ցանցին»,- նշել է Մաթևոսյանը։

Նա ասաց, որ ընկերությունում աշխատում է մոտ 7000 մարդ, ինչը նշանակում է, որ շատ ընտանիքներ ապահովված են կայուն եկամուտով։

Մաթևոսյանը հավելեց, որ 2023 թվականից ընկերությունը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին ժամանակավոր բնակարաններով ապահովելու համար։

Շուրջ 600 մարդ դարձել է նպաստառու՝ 45 ընտանիք, որոնք կորցրել են ամեն ինչ։

Նա բացատրեց, որ այդ ծախսերը չեն արտացոլվում բնակչության համար նախատեսված սակագներում։