1939 թվականին նկարահանված «Օզ երկրի հրաշագործը» մյուզիքլում հոլիվուդյան աստղ Ջուդի Գարլենդի հագած սուտակե զույգ կոշիկներն աճուրդի կհանվեն դրանց կողոպուտից մոտ 20 տարի անց. այն ժամանակ գողին թվացել էր, թե դրանք իսկական թանկարժեք քարերով են զարդարված, հայտնում է Associated Press-ը:
Դալլասի Heritage Auctions աճուրդի տունը երկուշաբթի հայտարարել էր, որ առցանց սակարկությունները սկսվել են և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 7-ը: Աճուրդի ընկերությունը փայլազարդերով և ուլունքներով զարդարված կոշիկները ստացել է կոլեկցիոներ Մայքլ Շոուից, որին ի սկզբանե պատկանում էին դրանք: Շոուն 2005 թվականին կոշիկները ժամանակավոր օգտագործման էր հանձնել Մինեսոտա նահանգի Գրանդ Ռափիդս քաղաքում բացված Ջուդի Գարլենդի թանգարանին: Այդ ամառ անհայտ անձը կոտրել էր ցուցափեղկն ու գողացել կոշիկները։ Դրանց գտնվելու վայրը մնաց առեղծված մինչև 2018 թվականը, երբ ՀԴԲ-ն հայտնաբերեց կոշիկները:
Թանգարանն այժմ կոշիկների իրավուքների համար հավակնորդների շարքում է. կոշիկները նկարահանումների ժամանակ Գարլենդի հագած մի քանի զույգերից մեկն էին: Մնացել է ընդամենը չորս զույգ։
Գրանդ Ռափիդս քաղաքը իր ամենամյա Ջուդի Գարլենդի փառատոնում գումար է հավաքել կոշիկները գնելու համար: Այդ միջոցները կհամալրեն այս տարի դրանց գնման համար Մինեսոտայի օրենսդիրների հատկացրած 100 հազար դոլարը:
Կոշիկները գողացած տղամարդը՝ Թերի Ջոն Մարտինը, 76 տարեկան էր, երբ խոստովանեց, որ մուրճով կոտրել է թանգարանի ապակեպատ դուռն ու ցուցափեղկը:
Ըստ նրա փաստաբանի՝ Մարտինը փորձում էր «հաշիվ մաքրել», քանի որ մաֆիայի հետ կապեր ունեցող հին ծանոթը նրան հավատացրել էր, թե կոշիկները պետք է որ պատրաստված լինեն իսկական թանկարժեք քարերով՝ արդարացնելու համար կոշիկների՝ 1 միլիոն դոլարի ապահովագրական արժեքը։





























