Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բեկանել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ նախադեպային որոշումը, հայտնում է «Новости-Грузия»-ն։
Խոսքը Տետրիցկարոյի շրջանային դատարանի դատավոր Վլադիմիր Խուչուայի որոշումը վերացնելու մասին է։ Նոյեմբերի 4-ին նա բավարարել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հայցը և չեղարկել ընտրությունների արդյունքները 30 տեղամասերից։ Խուչուան եզրակացրել է, որ էլեկտրոնային քվեատուփերի օգտագործման ժամանակ չի ապահովվել քվեարկության գաղտնիությունը։ Երբ քվեաթերթիկները հավաքվել են, հետևից երևում էին ընտրողների նշումները։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համարում են, որ որոշումն անհիմն է և, հավանաբար, ընդունվել է քաղաքական դրդապատճառներով։ Ընտրական վարչակազմը հայտարարել է, որ Խուչուան պետք է ինքնաբացարկ հայտարարեր, քանի որ նրա կինը սոցիալական ցանցերում «քարոզչական հայտարարություններ» է արել «Վրացական երազանք»-ի դեմ: Պատճառը գրառումն է եղել, որում կինը ամուսնուն խոստացել է ելակով տորթ թխել։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ դատավորին մեղադրել էին ընդդիմության հետ կապեր ունենալու մեջ։
Վերաքննիչ դատարանը կատարել է քննչական փորձ՝ էլեկտրոնային քվեատուփով քվեարկությունը թեստավորելով։ Նույնը տեղի է ունեցել Տետրիցկարոյի դատարանում։ Միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ փորձն իրականացրել է հենց դատավորը։ Այժմ քվեաթերթիկը սարքավորմանն է մոտեցրել ԿԸՀ աշխատակիցը։
Ընտրական վարչությունը պնդում է, որ քվեաթերթիկը ծրարի շրջանակում ճիշտ տեղադրելու դեպքում քվեարկության գաղտնիությունն ապահովված է։





























