Եվրահանձնաժողովը «դրական գնահատական» է տվել Կիևին 4,1 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշի հատկացմանը Ուկրաինային աջակցելու եվրոպական հիմնադրամից: Որոշումն այժմ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը, հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։
«Եվրահանձնաժողովում որոշել են, որ Ուկրաինան բավարար կերպով կատարել է այս վճարման համար պահանջվող բարեփոխումների բոլոր ինը կետերը»,-ասված է ԵՀ զեկույցում՝ նշելով, որ այն կփոխանցվի Ուկրաինային՝ «Եվրամիության խորհրդի հաստատման դեպքում»։ Եվրահանձնաժողովը պարզաբանել է, որ չափանիշները, որոնցով գնահատվել են «Կիևի կողմից իրականացված բարեփոխումները», վերաբերում են «կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես պայմաններին, աշխատաշուկայի կանոններին, էներգետիկ շուկայի չափանիշներին և շրջակա միջավայրի պաշտպանությանը»։
Եվրահանձնաժողովում նշել են, որ Ուկրաինայի աջակցության հիմնադրամի միջոցով այս տրանշի փոխանցումից հետո Կիևին ուղղված օգնությունն ընդհանուր առմամբ կկազմի 16,1 միլիարդ եվրո։
Կիևին օգնության երկրորդ տրանշի հաստատման մասին միաժամանակ սոցցանցի իր էջում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Վերջինս լռության է մատնել փաստը, որ գումարը հատկացնելու համար դեռևս ԵՄ խորհրդի որոշումն է անհրաժեշտ։
Ուկրաինային աջակցության եվրոպական հիմնադրամը 50 միլիարդ եվրո արժողությամբ ծրագիր է, որը հաստատվել է 2023 թվականի վերջին՝ 2024-2027 թվականն ընկած ժամանակահատվածի համար: ԵՄ-ն այդ վճարումների համար գումարներ է ներգրավել վարկի միջոցով՝ մինչև 2048 թվականը մարելու պայմանով:




























