Երևանում ամփոփվեց Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան, որի գլխավոր հովանավորը երկրորդ տարին անընդմեջ հանդիսանում է Դիջիթեյն ընկերությունը։
Օլիմպիադայի շրջանակներում Երևան էին ժամանել երկրորդ փուլ անցած 34 մասնակիցներ՝ աշխարհի 16 երկրներից, որոնք նոյեմբերի 15-ին Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում մասնակցեցին եզրափակիչ փուլին։ Նույն օրը տեղի ունեցավ նաև արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Դիջիթեյն գրուպի Տաղանդների և կորպորատիվ մշակույթի տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանը, ով հանձնեց մրցանակներից մեկն ու Դիջիթեյնի պատրաստած հատուկ նվերները բոլոր մրցանակակիրներին։
Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Չիլին ներկայացնող Վինսենտե Կորվալանը, երկրորդ տեղը գրավեց Սեզար Ալբուրկերկը Բրազիլիայից, իսկ երրորդ մրցանակին արժանացան Էմանուելե Սակին Իտալիայից և Հարություն Կարապետյանը Հայաստանից:
«Սինոփսիս Արմենիայի կողմից հիմնադրված միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին և, միևնույն ժամանակ համոզվել, որ Հայաստանում մեր ոլորտում ապահովում ենք մրցունակ և համաշխարհային պահանջներին բավարարող կրթության որակ», - իր խոսքում նշել է Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիսի առաջատար գիտնական Դր․Երվանդ Զորյանը։
Ամփոփելով մեջբերենք Դիջիթեյնի գրուպի Տաղանդների և կորպորատիվ մշակույթի տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանի խոսքը․ «Կրթությունը շարունակում է մնալ Դիջիթեյնի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության հիմքում, և մենք հպարտ ենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ հովանավորում ենք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան։ Մենք մեծ ոգևորությամբ հետևում ենք ծրագրի աշխարհագրական ընդլայնմանը և ուրախ ենք լինել մասնակիցը այս հաջողված ծրագրի։ Դիջիթեյնը մշտապես կանգնած է նման նախաձեռնությունների կողքին, քանի որ մենք հավատում ենք տաղանդների և նորարարության զարգացման կարևորությանը և՛ լոկալ, և՛ գլոբալ տեխնոլոգիական համայնքներում»:






























