Եվրամիության հինգ խոշորագույն երկրներն հավանություն են տվել դաշինքի ռազմարդյունաբերական համալիրի ամրապնդման նպատակով համատեղ պաշտպանական պարտատոմսերի թողարկման առաջարկին, հայտնում է Euronews-ը։

Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի արտգործնախարարներին և Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին հյուրընկալած Լեհական դիվանագիտության ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին, դա «մեծ գործարք» է անվանել:

Ըստ Սիկորսկու՝ նոր եվրապարտատոմսերը կօգնեն «վճռականորեն դիմակայել Ռուսաստանի կայսերական հավակնություններին»։

«Պուտինյան Ռուսաստանը կմնա անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը ոչ միայն Եվրոպայի, այլ նաև աշխարհակարգի համար»,-հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«Մոսկվայի նպատակը եվրոպական անվտանգության ճարտարապետության վերջնական փլուզումն է»,-զգուշացրել է նա։

Բանակցությունները տեղի են ունեցել, երբ Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ Ռուսաստանի թիրախների ուղղությամբ ամերիկյան հեռահար ATACMS հրթիռներ են արձակել՝ գրոհելով Բրյանսկի մարզում տեղակայված զինամթերքի մեծ պահեստը:

Ավելի վաղ Կրեմլը հավանություն է տվել նորացված դոկտրինին, որն ընդլայնում է միջուկային զենքի կիրառման հիմքերը։