Ուկրաինան առաջին անգամ Storm Shadow բրիտանական թեւավոր հրթիռներ է արձակել Ռուսաստանի դեմ, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով անանուն արեւմտյան աղբյուրին։

Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինան առաջին անգամ հարվածներ է հասցրել Բրյանսկի մարզին ամերիկյան ATACMS հրթիռներով։ Ուկրաինան պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։

Ավելի վաղ, չորեքշաբթի, այն մասին, որ Ուկրաինան առաջին անգամ Արեւմուտքի թույլտվությամբ գրոհել է Կուրսկի մարզը Storm Shadow հրթիռներով, տեղեկացրել են ռուսական ռազմական շրջանակներին մոտ կանգնած թելեգրամ-ալիքները։ Ռուս զինվորականները մեկնաբանություններ չեն տվել այս հաշվով։

Բրիտանիան մինչ այդ հայտնել էր, որ Ուկրաինան կարող է օգտագործել Storm Shadow-ներն ուկրաինական տարածքում, բայց Բրիտանիայի կառավարությունը ամիսների ընթացքում ճնշում է գործադրել ԱՄՆ-ի վրա՝ խնդրելով թույլ տալ գործադրել այդ հրթիռները Ռուսաստանի թիրախներին հարվածելու համար։

Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ իր գրասենյակը չի մեկնաբանի այս թեման։

Ընդ որում, BBC-ին եւս հայտնի է դարձել, որ առաջին բրիտանական հրթիռներն արդեն կիրառվել են Ռուսաստանի տարածքը գնդակոծելու համար։