Վրաստանի վարչապետի պաշտոնում նորից ներկայացվել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Այս մասին ճեպազրույցում, որը կայացել է «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստից հետո, հայտնել է գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Ինչպես գիտեք, մեր կանոնադրության համաձայն, կուսակցության պատվավոր նախագահն իրավունք ունի առաջադրել թեկնածու վարչապետի պաշտոնում։ Հավանաբար ոչ մեկի համար հատուկ անակնկալ չէր, որ Բիձինա Իվանիշվիլին ներկայացնի Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Բնականաբար, քաղխորհուրդը լիովին համաձայն է»,- նշել է Մդինարաձեն, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։