Ռումինացիները կիրակի օրը քվեարկում են նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է PA Media-ն։
Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 13 թեկնածու։ Ակնկալվում է, որ քվեարկության երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 8-ին։
Քվեարկության վերջում ծայրահեղ աջ «Հանուն Ռումինիայի միասնության ալյանսի» (AUR) առաջնորդ Ջորջ Սիմիոնը կպայքարի գործող վարչապետ Մարսել Չիոլակուի դեմ, որին աջակցում է Ռումինիայի ամենախոշոր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (PSD):
Նախագահը զբաղեցնում է այդ պաշտոնը հինգ տարի և օժտված է որոշումներ կայացնելու նշանակալի լիազորություններով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը և դատական նշանակումները:
38-ամյա Սիմիոնը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ջերմեռանդ կողմնակիցն է։ Նա հանդես է եկել Մոլդովայի հետ վերամիավորվելու օգտին, որն այս տարի անվտանգության նկատառումներից ելնելով երկարացրել է նրա մուտքի արգելքը հինգ տարով, նույն պատճառով նրան արգելվում է մուտք գործել հարևան Ուկրաինա:
Չիոլակուն իր հերթին հայտարարում է, որ իր հիմնական նպատակներից մեկն է «համոզել ռումինացիներին, որ հարկավոր է հայրենիքում մնալ կամ վերադառնալ» Ռումինիա, որը ԵՄ-ում հսկայական սփյուռք ունի։
Մյուս կարևոր թեկնածուների թվում են Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միությունից», ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Միրչա Ջեանան, որն ինքնուրույն է առաջադրվել, բանակի նախկին գեներալ և աջ կենտրոնամետ Ազգային լիբերալ կուսակցության ղեկավար Նիկոլաե Չուկան։
Դեկտեմբերի 1-ին Ռումինիայում տեղի կունենան նաև խորհրդարանական ընտրություններ, որոնք կորոշեն երկրի հաջորդ կառավարությունն ու վարչապետին։




























