Պակիստանում կիրակի օրը դադարեցրել են բջջային հեռախոսների և համացանցի աշխատանքը «այն շրջաններում, որտեղ անվտանգության սպառնալիք կա», քանի որ բանտարկված նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցները մայրաքաղաքում բողոքի ցույցի են պատրաստվում, հայտնում է Associated Press-ը։

Կառավարությունն ու ՆԳՆ-ն այս մասին հայտարարություն են տեղադրել Պակիստանում արգելված X սոցիալական ցանցում։ Ընդ որում իշխանությունները չեն հստակեցրել, թե որ շրջաններում և որքան կտևի դադարեցումը:

«Երկրի մնացած տարածքում համացանցը և բջջային կապը կգործեն սովորական ռեժիմով»,- ասվում է հաղորդման մեջ։

Խանը մեկ տարուց ավելի բանտում է գտնվում, նրա դեմ հարուցվել է ավելի քան 150 քրեական գործ։ Սակայն նա շարունակում է հանրաճանաչ մնալ, և նրա քաղաքական կուսակցությունը՝ Պակիստանի Թեհրիք-է-Ինսաֆը (PTI), պնդում է, որ այս գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն:

Նրա աջակիցները աշխուժորեն օգտագործում են  սոցիալական ցանցերը՝ կոչ անելով ազատ արձակել նրան և օգտվում այնպիսի հարթակներից, ինչպիսին WhatsApp-ն է, որպեսզի տեղեկատվություն տարածեն իրադարձությունների մանրամասների մասին: