ԱՄՆ-ը ժամանակավոր ռազմակայաններ կստեղծի ճապոնական Նանսեի կղզիների շղթայում և Ֆիլիպիններում, որտեղ հրթիռային ստորաբաժանումները կարող են տեղակայվել «Թայվանում չնախատեսված իրավիճակի դեպքում»։ Դրա մասին հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով «ճապոնա-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը ծանոթ աղբյուրներին»։

Նշվում է, որ այդ քայլերը կներառվեն ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջին համատեղ օպերատիվ ծրագրում՝ Թայվանի և Չինաստանի վրա չնախատեսված իրավիճակի դեպքում, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը: Այդ ծրագիրը պետք է մշակվի դեկտեմբերին։

Նանսեյ կղզիների շղթան կամ «Հարավ-արևմտյան կղզիները» ձգվում է Ճապոնիայի Կագոսիմա և Օկինավա պրեֆեկտուրաներից մինչև Թայվան: Ըստ Kyodo-ի աղբյուրների՝ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ծովային ափամերձ գունդը, որը նախատեսվում է տեղակայել կղզիների բազաներում, զինված կլինի HIMARS հրթիռային համակարգերով։

Ակնկալվում է, որ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը հիմնականում կզբաղվեն ամերիկյան ստորաբաժանման նյութատեխնիկական ապահովմամբ, ներառյալ վառելիքի և զինամթերքի մատակարարումները: