ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 10%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Չինաստանից եկող բոլոր ապրանքների վրա՝ կապված այն բանի հետ, որ իբր Չինաստանից մաքսանենգ ճանապարհով թմրանյութերը մեծ մասշտաբով մտնում են Միացյալ Նահանգներ։

«Ես բազմաթիվ խոսակցություններ եմ ունեցել Չինաստանի հետ թմրանյութերի, հատկապես ֆենտանիլի (սինթետիկ օփիոիդ) հսկայական ծավալների մասին, որոնք ուղարկվում են Միացյալ Նահանգներ, բայց դա արդյունք չի տվել», - գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ «Չինացի պաշտոնյաներն ինձ ասացին, որ կսահմանեն առավելագույն պատիժ՝ մահապատիժ, ցանկացած թմրանյութերի վաճառքով զբաղվողների համար, որոնք բռնվում են դա անելիս, բայց, ցավոք, նրանք երբեք չեն արել, և թմրանյութերը մեր երկիր են գալիս աննախադեպ քանակությամբ, հիմնականում Մեքսիկայով»:

«Քանի դեռ դա չի դադարում, մենք Չինաստանի վրա լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքեր կսահմանենք՝ ի հավելումն ԱՄՆ մուտք գործող նրա բազմաթիվ ապրանքների վրա», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև բանակցություններից հետո 2023 թվականի նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում կողմերը «հայտարարեցին թմրամիջոցների դեմ պայքարի երկկողմ համագործակցության վերսկսման մասին՝ ուղղված ֆենտանիլի և սինթետիկ թմրամիջոցների հոսքի կրճատմանը»: