Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ երկրի իշխանությունները ուկրաինական Մայդանի սցենարը թույլ չեն տա, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
«Ի տարբերություն 2013թ. Ուկրաինայի, Վրաստանն անկախ պետություն է ուժեղ ինստիտուտներով, եւ որ գլխավորն է՝ փորձառու եւ իմաստուն մարդկանցով։ Մայդանի սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում։ Վրաստանը պետություն է եւ դա թույլ չի տա»,- ասել է Կոբախիձեն այսօր ճեպազրույցում։
Ինչպես տեղեկացրել է լրատվամիջոցը, Վրաստանի վարչապետը հանրահավաքներում բռնության համար պատասխանատվությունը դրել է եվրոպական քաղաքական գործիչների եւ «գործակալների» վրա։
«Հիմնական պատասխանատվությունը երեկվա բռնի հանրահավաքի համար ընկած է համապատասխան եվրոպական քաղաքական գործիչների եւ բյուրոկրատների, տեղի գործակալների, հինգերորդ շարասյան վրա, որը ներկայացված է չորս քաղաքական կուսակցություններով»,- ասել է նա։
Կոբախիձի գնահատմամբ՝ նոյեմբերի 30-ի գիշերը Թբիլիսիում ոստիկանությունը կանխել է «հարձակումը երկրի սահմանադրական կարգի դեմ» եւ պաշտպանել է ինքնիշխանությունը եւ անկախությունը։ Նա շնորհակալություն է հայտնել ՆԳՆ աշխատակիցներին եւ նախարար Վախթանգ Գոմելաուրիին։
Նոյեմբերի 28-ին իշխանությունները հայտարարել են մինչեւ 2028թ. Եվրամիությանն անդամակցելու մասին բանակցություններ սկսելու հարցն օրակարգից հանելու մասին։ Դա բուռն արձագանք է առաջացրել եվրաինտեգրման կողմնակիցների շրջանում։
Զանգվածային տարերային բողոքները շարունակվում են Վրաստանի տարբեր քաղաքներում արդեն երկու օր։ Թբիլիսիում ցուցարարներին ցրում են հատուկջոկատայինները։ Նրանց դեմ օգտագործում են ջրցաններ, արցունքաբեր գազ եւ պղպեղի սրվակներ։ Ուժայինները հետապնդում եւ ծեծի են ենթարկում ցուցարարներին, հարձակվում լրագրողների վրա։
Վրաստանի մայրաքաղաքում երկու գիշերվա ընթացքում բռնել են 150 ցուցարարների, 107-ին՝ նախօրեին։ Տուժածների թիվը նույնպես հաշվվում է հարյուրներով։ Նրանց մեջ ավելի քան 20 հոգի ԶԼՄ-ների աշխատակիցներ են։





























