Թամունա Մուսերիձեի որոնումները սկսվել են 2016 թվականին՝ նրան մեծացրած կնոջ մահից հետո, հայտնում է BBC-ն։
Տունը մաքրելիս Թամունան գտավ ծննդյան վկայական, որտեղ գրված էր իր անունը, բայց սխալ ծննդյան ամսաթիվ, և սկսեց կասկածել, որ իրեն որդեգրել են: Փոքր հետազոտություն անցկացնելուց հետո նա ստեղծեց ֆեյսբուքյան խումբ, որը կոչվում էր «Ես փնտրում եմ»՝ հույս ունենալով գտնել իր կենսաբանական ծնողներին: Փոխարենը, նա բացահայտեց Վրաստանում երեխաների առևտրի սկանդալը, որն անդրադարձել էր տասնյակ հազարավոր կյանքերի վրա:
Թամունան լրագրող է, և նրա աշխատանքը նպաստել է հարյուրավոր ընտանիքների վերամիավորմանը, բայց մինչ այժմ նա չէր կարողանում բացահայտել իր ծագման առեղծվածը և մտածում էր, գուցե իրեն էլ են առևանգել մանկության տարիներին:
Նրա որոնումներում առաջընթաց եղավ ամռանը, երբ նա հաղորդագրություն ստացավ ֆեյսբուքյան իր խմբի միջոցով: Դա Վրաստանի գյուղական շրջանի բնակչից էր, որը հայտնեց, որ ճանաչում է մի կնոջ, որը թաքցրել է իր հղիությունը և ծննդաբերել Թբիլիսիում 1984 թվականի սեպտեմբերին: Մոտավորապես այդ ժամանակ էր ծնվել Թամունան, ամսաթիվը նա հրապարակել էր: Տղամարդը կարծում էր, որ այդ կինը Թամունայի կենսաբանական մայրն է, և, որ ամենակարևորն է, նրանք տվել են իր անունը։ Թամունան անմիջապես սկսեց նրան փնտրել համացանցում, բայց երբ ոչինչ չգտավ, որոշեց հաղորդագրություն տեղադրել Facebook-ում՝ հարցնելով, թե արդյոք իրեն ճանաչո՞ւմ են: Շուտով մի կին արձագանքեց՝ ասելով, որ հղիությունը թաքցնող կինը իր մորաքույրն է։ Նա նաև համաձայնել է ԴՆԹ թեստ անել:
Մինչ նրանք սպասում էին արդյունքներին, Թամունան զանգահարեց մորը։ Մեկ շաբաթ անց ԴՆԹ-ի արդյունքները եկան, որոնք ցույց տվեցին, որ Թամունան և ֆեյսբուքյան կինն իսկապես երկրորդ պորտի քույրեր են: Այս ապացույցներով զինված՝ Թամունային հաջողվեց համոզել մորը ընդունել ճշմարտությունը և բացահայտել հոր անունը։ Այդ մարդու անունը Գուրգեն Խորավա էր։
Երբ Թամունան իմացավ Գուրգեն անունը, արագ փնտրեց նրան Ֆեյսբուքում։ Պարզվեց, որ նա հետևել է նրա պատմությանը սոցցանցերում. Թամունայի աշխատանքը ընտանիքների վերամիավորման գործում լայնորեն հայտնի է ողջ Վրաստանում։ Թամունան ապշեց՝ իմանալով, որ հայրը իր ընկերների ցանկում է արդեն երեք տարի։




























