ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փորձագետներին` պատվիրակության ղեկավար Ջորջիա Կուցիանայի գլխավորությամբ, որի ժամանակ քննարկվել են Հայաստանի Բագրատաշեն, Գոգավան եւ Բավրա` հյուսիսային երեք անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

ԱԱԽ մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանալու է այս համապարփակ ծրագրի համաֆինանսավորողը:

Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս տարի իրականացվել են գործընթացի երկու կարեւոր փուլերը` տեխնիկական առաջադրանքի եւ անհրաժեշտ շինարարական աշխատանքերի նախագծի մշակումը: 2012թ. սկզբին նախատեսվում է արդեն մեկնարկել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթ, որի արդյունքում ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի երեք անցակետերի շինարարական եւ տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները` ԵՄ «Դեղին գրքի» ժամանակակից պահանջներին համապատասխան:  Հանդիպման ընթացքում քննարկվել եւ հստակեցվել են ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացի այս փուլում փաստաթղթային ձեւակերպումներն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում` ծրագրի իրականացման արդեն իսկ որոշված ժամանակացույցի համաձայն: