Հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Փարիզում 2015թ․ Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա տեղի ունեցած ահաբեկչության տարելիցի օրը։ Հեռարձակումն իրականացրել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել այն շենքի պատերին, որտեղ նախկինում գտնվել է ամսագրի խմբագրությունը և որտեղ հարձակվել են դրա աշխատակիցների վրա։ Ծաղիկների տեղադրման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, որի օրոք տեղի էր ունեցել ահաբեկչությունը, և մի շարք պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ վարչապետ Ֆրանսուա Բայրուն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ազգային ժողովի նախագահ (խորհրդարանի ստորին պալատ) Յաել Բրոն-Պիվեն:

Նիկոլյա-Ապեր փողոցում ծաղիկներ դնելուց հետո նմանատիպ արարողություններ են անցկացվել նաև Hyper Casher սուպերմարկետում և Ռիչարդ-Լենուար բուլվարում, որտեղ ահաբեկիչները սպանել են ոստիկան Ահմեդ Մերաբեթին:

Սաիդ և Շերիֆ Կուաչի եղբայրները 2015թ․ հունվարի 7-ին հարձակվել են Charlie Hebdo-ի խմբագրության վրա և հարձակման ժամանակ սպանել 12 մարդու։ Նրանք հետագայում ոչնչացվել են ժանդարմերիայի հակաահաբեկչական ստորաբաժանումների կողմից: Դրանից  հետո նրանց հանցակից Ամեդի Կուլիբալին Փարիզի հարավային ծայրամասում նախ կրակել է ոստիկանի վրա, այնուհետ կողոպտել Hyper Casher խանութը, որի ժամանակ կրակել է ևս չորս մարդու վրա։ Հարձակման ժամանակ նա սպանվել է ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից։