Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն կղզու բնակիչները․ այն չի վաճառվում՝ հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Նա մերժել է «Գրենլանդիայի՝ իր սեփականատիրոջը փոխելու» ցանկացած հեռանկար՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դանիայի ինքնավարությունը ամերիկյան դարձնելու ցանկության և Թրամփի որդու՝ Դանիա ժամանելու ֆոնին:
«Գրենլանդիան չի վաճառվում, - ասել է դանիացի քաղաքական գործիչը TV2-ին տված հարցազրույցում։ -Կարևոր է, որ Գրենլանդիայի ապագան որոշեն իրենք՝ գրենլանդացիները, և ոչ այլ ոք»:
Դանիացի շատ քաղաքական գործիչներ քննադատել են վարչապետին՝ կղզու ապագայի հարցը չմեկնաբանելու համար։ «Եթե Գրենլանդիան ինչ-որ պահի այս կամ այն որոշումը կայացնի, մենք հանդես կգանք որպես Դանիայի կառավարություն»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է հանգստություն պահպանել այդ հարցում։
Անցյալ տարվա վերջին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է վերահսկի Գրենլանդիան: «ԱՄՆ-ն կարծում է, որ Գրենլանդիայի հանդեպ «սեփականությունն ու վերահսկողությունը» բացարձակ անհրաժեշտություն են», - գրել է նա Truth Social-ում: Դրան ի պատասխան Գրենլանդիայի վարչապետ Մjութ Էգեդեն ընդգծել է. «Մենք չենք վաճառվում և երբեք չենք վաճառվի»։





























