Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը մշակել է կարգավորող փոփոխություններ, որոնք ապահովում են ինքնաթիռում երեխաների համատեղ տեղավորումն իրենց ծնողների հետ, դրանք Արդարադատության նախարարության կողմից կգրանցվեն մինչև հունվարի 14-ը, ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության անդամների հանդիպմանը, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք նաև աշխատել ենք երեխաներին իրենց ծնողների հետ օդանավում պարտադիր համատեղ տեղակայելու հարցի շուրջ»,- ասել է ռուս նախարարը՝ նշելով, որ այդ նորմն արդեն գոյություն ունի փոխադրումների ընդհանուր կանոններում։

«Նորմատիվ իրավական ակտի փոփոխությունները Արդարադատության նախարարությունը կգրանցի մինչև հունվարի 14-ը»,- պարզաբանել է Ստարովոյտը։

Ավելի վաղ, տրանսպորտի նախարարության ղեկավարը ТАСС-ին տված հարցազրույցում ասել էր, որ նախարարությունն աշխատում է ավիաընկերությունների հետ՝ երեխաներին ծնողների կողքին ինքնաթիռներում տեղավորելու պարտավորությունների շուրջ։