ԱՄՆ-ում երդվյալների դատարանը մեղադրանք է առաջադրել Տեխասի նահանգի Լաբբոկե քաղաքի «Wells Fargo» բանկի կողոպուտի համար ձերբակալված Բրբենքում բնակվող Ալեն Ազարյանին, հաղորդում է «The Avalanche-Journal»-ը:
Մեղադրանքը հաստատվելու պարագայում 40-ամյա տղամարդուն սպառնում է 20 տարվա ազատազրկում եւ 250 000 դոլարի չափով տուգանք:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 8-ին Ազարյանը կողոպտել է «Wells Fargo» բանկը, որից րոպեներ անց ձերբակալվել է տեղական ոստիկանության կողմից: Ոստիկանները նշել են, թե Ազարյանը կողոպուտի համար հարմար պահ չի ընտրել, քանի որ ոստիկանության սպան գտնվել է բանկում, երբ Ազարյանը մոտեցել է դրամարկղերից մեկի աշխատակցին, սպառնացել եւ գումար պահանջել: Ըստ ոստիկանության` Ազարյանը զենք չի ունեցել, սակայն աշխատակիցը նրան տվել է գումարը, որից հետո նա հեռացել է բանկից: Սպան հետապնդել է Ազարյանին եւ ձերբակալել:
Ծնունդով հայաստանցի Ազարյանի գրավի գումարը կազմում է 100 000 դոլար: Նրան պահում են բանտում` ներգաղթի եւ մաքսային վերհսկողության պաշտոնյաների համար: Սակայն հայտնի չէ, թե ինչու են ներգաղթի հարցերով դաշնային պաշտոնյաները հատաքրքրված նրանով:
Ազարյանի քույրը` Աիդա Ազարյանը «The Avalanche-Journal»-ին ասել է, որ իր եղբայրը Հայաստանից ԱՄՆ է եկել 24 տարի առաջ` աշխատանք փնտրելու համար:
ԱՄՆ դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ Ազարյանն առաջին անգամ դատարանի առջեւ կկանգնի հաջորդ շաբաթ:




























