Ներկա Պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, եւ այդ կազմակերպությունից դուրս գալու հարցը օրակարգում չկա։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 13-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով ՌԴ կառավարության փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։

«ԵՄ-ին անդամակցելու գործընթացը զուգահեռ գործընթաց է։ Մեր խնդիրն այս օրակարգերը քննարկելը չէ, այլ մեր տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելը։ Հայաստանը պետք է բարձրացնի իր արտադրանքի մրցունակությունը՝ անկախ նրանից՝ Հայաստանը ԵԱՏՄ-ում է, թե ԵՄ-ում»,- ավելացրել է պաշտոնյան։

Պապոյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները չեն մտածում ԵԱՏՄ-ն ինչ-որ այլ բանով փոխարինելու մասին։

«Մենք ուզում ենք անկախ լինել։ Սա նշանակում է կախված լինել ոչ թե մեկից, այլ շատերից, եւ միեւնույն ժամանակ ստեղծել այնպիսի պայմաններ, որ շատերը որոշ չափով կախված են քեզնից։ Մենք պետք է այնպիսի պետություն դառնանք, որ եթե մեր տնտեսության հետ ինչ-որ բան լինի, դա ազդի այլ երկրների տնտեսությունների վրա։ Այս դեպքում ռիսկերը կնվազեն։

Չպետք է որեւէ բան փոխել, անհրաժեշտ է պահպանել եւ ավելացնել ծավալները (ապրանքաշրջանառության- խմբ.) ԵԱՏՄ շրջանակում, ինչպես նաեւ ավելացնել այդ ցուցանիշն ուրիշների հետ»,- ընդգծել է նա։

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն արդեն դարձել է ԱՄԷ-ն։

«Միեւնույն ժամանակ, նույնիսկ առանց ոսկու արտահանումը հաշվի առնելու, ԱՄԷ մասնաբաժինը արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալում 4-ից աճել է մինչեւ 18 տոկոսի։ Ռուսաստանի կողքին խոշոր գործընկերների շարքում են Չինաստանը, ԵՄ-ը, թիրախային երկիր է նաեւ Իրանը»,- նշել է Պապոյանը։

Նա խոստովանել է, որ ԵՄ-ում խնդիր է առաջացել այն պատճառով, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ աճով Հայաստանը զրկվել է GSP-ի արտոնություններից, ինչը դժվարություններ է ստեղծում տեքստիլի եւ ալյումինի փայլաթիթեղի արտահանման հարցում։ «Մենք աջակցություն ենք ցուցաբերում այս ոլորտի ընկերություններին, որպեսզի նրանք չկորցնեն իրենց շուկաները Եվրոպայում»,- ասել է պաշտոնյան:

Նա ավելացրել է, որ շաբաթ օրը «Վերին Լարս» անցակետում վերջին անգամ խոսել է Հայաստանի ներկայացուցչի հետ, որն ասել է, որ հերթերի հետ կապված խնդիրներ չկան։  «Իսկ անցակետում այս պահին հերթեր չկան»,- վստահեցրել է նա։

Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ին եւ Եվրամիությանը մասնակցության միջեւ. Օվերչուկ