Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը գնահատում է Վրաստանի կատարած միջազգային պարտավորությունները՝ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամի և ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման ֆոնին: Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն։
Հունվարի 14-ից 16-ը Թբիլիսի է այցելել փաստահավաք առաքելություն՝ Վրաստանի հարցով համազեկուցողներ Կլոդ Քերնի և Էդիթ Էշտրելայի գլխավորությամբ: ԵԽԽՎ-ն նախապես ընդգծել է, որ սա «պարբերական մոնիտորինգային այց է», և որ քաղաքական գործիչների հետ հանդիպումները «չպետք է դիտարկվեն որպես լեգիտիմության քաղաքական աջակցություն»։
Չորեքշաբթի օրը առաքելության անդամները բանակցություններ են վարել խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և «Վրացական երազանք»-ի մի քանի այլ առաջնորդների հետ։ Պապուաշվիլին պնդել է, որ խորհրդարանի բոյկոտը յուրաքանչյուր ընտրություններից հետո ընդդիմության սովորական «մարտավարությունն» է: Նա նաև հայտարարել է, որ իշխանությունները չեն հրաժարվում Եվրամիությանը ինտեգրումից և «մեծ աշխատանք» են անում դրան հասնելու համար։
Այսօր համազեկուցողները հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների հետ՝ գրում են վրացական լրատվամիջոցները։
«Գիրչի» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեի խոսքով, իրենք խոսել են «խաղաղ ցուցարարների նկատմամբ «Վրացական երազանք»-ի դաժան մարտավարության մասին»։
«Նրանց հետաքրքրում էր նաև, թե որն է, ի վերջո, ելքը ստեղծված իրավիճակից։ Մենք բացատրեցինք, որ կա ընդամենը երկու կետ՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը և նոր ընտրությունների անցկացումը»,- ասել է Ջափարիձեն։
Հանձնաժողովի անդամներն այցելել են նաև ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիային։ Իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից Բաթումիում ծեծի ենթարկվելուց հետո նա շարունակում է բուժումը տանը։




























