Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցում մենք առաջնային պարտավարություն ունենք: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ ԱԳՆ դիմաց հայտարարեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով մասնակցում է հայ գերիների ազատ արձակման պահանջով արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային։
Նա նշեց, որ այն, ինչ այսօրվա կատարվելու է կամ կատարվում է Բաքվում, կատարվում է մեզանից յուրաքանչյուրի հետ. «Բաքվում ունենք հաստատված 23 պատանդներ, այդ մարդիկ, նրանց հարազատներն ակնկալում են, որ այս խիստ կարևոր հումանիտար հարցի շրջանակներում մենք պետք է միավորված լինենք»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Նա իր խոսքն ուղղեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ նշելով. «Ես վստահ եմ, որ ԱԳՆ-ում նստած մարդիկ կարդացել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նամակը: Ես կուզենայի իրենք իրենց խղճի առաջ հարց տան և պատասխանեն՝ արդյոք անում են այն ամենը, որպեսզի թեթևացվի կամ վերացվի այն տանջանքն ու դաժանությունը, որ կատարվում է մեր հայրենակիցների հետ Բաքվի բանտերում։ Կարծում եմ՝ որևէ արժանապատիվ հայ այդ նամակը կարդալուց հետո չի կարող հանգիստ տեղը նստել ու անգործություն ցուցաբերել կամ որևէ ձևով չփորձել հասանելի եւ անհասանելի միջոցներով հասնելու նրան, որ մեր հայրենակիցներն ազատ արձակվեն ու հայրենադարձվեն»։
Արցախի ՄԻՊ-ի խոսքով, ակցիայի մասնակիցների պահանջը ԱԳՆ-ից այն է, որ տեսանելի, շոշափելի հստակ քայլեր ձեռնարկվեն, դիվանագիտական և հանրային բոլոր հնարավոր մեթոդները կիրառվեն միջազգային հարթակում այս հարցը օրակարգային դարձնելու համար։
«Մենք տեսնում ենք այլ հակամարտությունների պարագաներում գերիների, պատանդների, անհետ կորածների հարցը որքան կարևոր օրակարգային հարց է դառնում, բայց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո մենք այդ ակտիվությունը Հայաստանի իշխանություններից, կոնկրետ ԱԳՆ-ից չենք տեսնել։ Մեր կոչը, հորդորը ուղղված է ԱԳՆ-ին դա է՝ ամենօրյա ռեժիմով, հնարավոր բոլոր խողովակներն օգտագործելով այդ հարցը դարձնել օրակարգային, անել հնարավորը բանակցային գործընթացում՝ օր առաջ ապահովելու Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների տունդարձը»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ի խոսքով, այսօր Բաքվում կազմակերպվող կեղծ դատավարությունների ժամանակ անձանց անուններից հնչելու են հայտարարություններ, նրանց վերագրվելու են բաներ, որոնք իրենք չեն ասել, կամ վերագրվելու են բաներ, որոնք կորզվել են որոշակի խոտանգումների ազդեցության տակ։
Նշենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի դատավարությունը։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։





























