Շվեյցարական Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՀ), որը կտեւի մինչեւ հունվարի 24-ը, հայտնել է Euronews-ը։
Նշվել է, որ համաժողովի թեման լինելու է Համագործակցությունն ինտելեկտուալ դարաշրջանի համար: Համաշխարհային առաջնորդները կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսին են աշխարհատնտեսական անորոշությունը, արհեստական բանականությունը, աճի վերիմաստավորումը եւ մոլորակի պաշտպանությունը:
Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 3 հազար հյուրեր ավելի քան 130 երկրներից։ Մոտ 350 պաշտոնյաներ, այդ թվում՝ 60 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ բոլոր կարեւոր շրջաններից նույնպես ներկա կլինեն Դավոսում։
Առաջատար քաղաքական առաջնորդների շարքում, որոնք կմասնակցեն համաժողովին, ընդգրկված են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը (տեսակապի միջոցով կմիանա մասնակիցների ինտերակտիվ երկխոսությանը) եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, առաջնորդներ Եվրոպայից, Աֆրիկայից, Հարավային Ամերիկայից եւ Ասիայից։
Համաժողովին կմասնակցեն նաեւ ավելի քան 1 600 բիզնես-առաջնորդներ, այդ թվում առաջատար ընկերությունների եւ ՀՏՀ գործընկեր ընկերությունների ավելի քան 900 ղեկավարներ։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, որը տեղի է ունենալու հունվարի 20-24-ին։




























