Իսրայելն ավարտել է Պաղեստինի հետ փոխանակությունը եւ եւս 550 պաղեստինյան կալանավորների է ազատ արձակել` իր մեկ զինծառայողի` Գիլադ Շալիթին վերադարձնելու դիմաց:

2006թ. հունիսի 25-ին  պաղեստինյան գրոհայինները գերի էին վերցրել Գիլադ Շալիթին:

Իսրայելը համաձայնել էր Շալիթին փոխանակել հազար պաղեստինցի կալանավորների հետ:  Հոկտեմբերի 18-ին ՀԱՄԱՍ-ը իսրայելցի զինվորականներին հանձնեց սերժանտին, իսկ Իսրայելը ԿԽՄԿ-ին հանձնեց 447 պաղեստինցիների, որոնցից շատերը դատապարտվել էին իսրայելցիների սպանության կամ մահապարտների հարձակում կազմակերպելու համար:

Իսրայելյան իշխանությունների փոխանցմամբ` պաղեստինցիների երկրորդ խմբից ոչ ոքի «ձեռքերն արյունոտ չեն»: Նրանք կարճ ժամկետներով էին դատապարտված:

Նրանց մեծամասնությունը, ի տարբերություն առաջին խմբի, վերադարձել են Արեւմտյան ափ, որը գտնվում է պաղեստինյան ինքնավարության իշխանությունների վերահսկողության տակ, այլ ոչ թե ՀԱՄԱՍ շարժման կողմից ղեկավարվող Գազայի հատված, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արեւմտյան ափի մայրաքաղաք Ռամալում եւ Գազայում բացօթյա տոնախմբություններ են եղել: