Կրեմլում կարծում են, որ վաղաժամ է ասել, թե արդյոք այս տարի անվտանգ կլինի լողալը Ռուսաստանի Սև ծովի ափին, որը տուժել է լցանավի միջադեպից հետո մազութի արտահոսքից։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Հուսով եմ, որ հնարավոր կլինի (այս ամառ լողալ), բայց հստակ չեմ կարող ասել»,- ասել է Ռուսաստանի նախագահի՝ շրջակա միջավայրի պահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

«Այսօր ոչ մի պատասխանատու անձ չի կարող ասել, թե վթարը երբ ամբողջությամբ կվերացվի։ Անհայտ է։ Միգուցե, Աստված մի արասցե, տարիներ պահանջվեն հետևանքներն ամբողջությամբ վերացնելու համար»,- պարզաբանել է նա։

«Ալյասկայում, Իսպանիայում՝ Գալիսիայում։ Եվ նույնիսկ 2007 թվականին, Ազովի ծովում, որտեղ շատ ավելի քիչ նավթամթերք է թափվել, մաքրման համար պահանջվեց ավելի քան մեկ տարի»,- ասել է նա։

«Ուստի հիմա ճշգրիտ ժամկետների մասին խոսելն անպատասխանատու է»,- եզրափակել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Իվանովը նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանություններից հետո հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներն «ավելի արագ են անցել»։