Ղրղըզստանում նախկին նախագահ Բակիեւի տապալման օրը համաժողովրդական տոն են հայտարարել:
Ինչպես տեղեկացնում է նախագահ Ատամբաեւի պաշտոնական կայքը, Ղըրղզստանի նախագահը հրամանագիր է ստորագրել ամեն տարի ապրիլի 7-ը Ժողովրդական հեղափոխության օր հռչակելու մասին:
Համաձայն նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության` «Ժողովրդական ապրիլյան հեղափության` ապրիլի 7-ի մասին» նոր օրենքն ընդունվել է «բարձր հայրենասիրական գիտակցություն ձեւավորելու, Հայրենիքի նկատմամբ հավատարմության եւ քաղաքացիական պատասխանատվության դաստիարակության նպատակով, ինչպես նաեւ 2010թ. ապրիլի 7-ի ողբերգական իրադարձությունները Ղըրղզստանի հանրապետության բնակչության հիշողության մեջ հավերժացնելու համար»:
Հիշեցնենք, Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւն իր լիազորությունները վայր է դրել 2010թ. ապրիլի 7-ին, ժողովրդական զանգվածային ցույցերից հետո` իշխանությունը փոխանցելով ժամանակավոր կառավարությանը: Բիշքեքի խռովությունների ընթացքում 80-ից ավելի մարդ էր զոհվել:
Ուշագրավ է, որ Բակիեւի օրոք Ժողովրդական հեղափոխության օրը նշվում էր մարտի 24-ին` 2005թ. մարտի 24-ին Ղըրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւի տապալման օրվա առիթով: Ներկայումս Բակիեւը եւ Ակիեւը Ղըրղզստանի սահմաններից դուրս են գտնվում:




























