Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական գնահատական չի տալու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին ապտակելու փաստին:

«Գլխավոր դատախազն ասել է, որ հանցակազմ չկա, ես ավելացնելու բան չունեմ»,- դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Այսինքն, կնոջն ապտակելը քաղաքական գնահատականի կարիք չունի՞» լրագրողներից մեկի դիտարկմանը Շարմազանովը պատասխանեց. «Մենք քաղաքական առումով վատ ենք վերաբերում, ավելացնելու բան չունեմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն, անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստի առթիվ հարուցված քրգործը կարճելու փաստին, նշել էր. «Հարուցվեց քրեական գործ օրենքով սահմանված կարգով, կատարվեց օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննություն, որի ընթացքում լիարժեք պարզաբանվեց, թե ինչ է տեղի ունեցել: Պարզաբանելու խնդիր էլ չկա, քանի որ ամբողջ միջադեպը նկարահանված էր, իսկ դա որեւէ քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցագործության հանցակազմ չի առաջ բերում: Բավարարված կլինեն, թե` ոչ, մենք գործել ենք օրենքով եւ քրեաիրավական գնահատականը Սուրիկ Խաչատրյանի տվել ենք օրենքով նախատեսված կարգով»:

Հիշեցնենք, որ այդ փաստի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել «ծեծի» հոդվածի հատկանիշներով: Իսկ գործը կարճվել էր, քանի որ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ ծեծի հատկանիշներ չկան, Սուրիկ Խաչատրյանը ընդամենը մեկ անգամ ապտակել է Սիլվա Համբարձումյանին: Վերջինս իր հերթին գոհունակություն էր հայտնել ՀՔԾ որոշումից, քանի որ, ըստ նրա, այտեղ գրված է, որ Սուրիկ Խաչատրյանը զղջում է իր արածի համար: