Եգիպտոսի զինվորականներին եւ ոստիկանությանը այսօր` դեկտեմբերի 19-ին, հաջողվել է ցուցարարներին հանել Կահիրեի կենտրոնի Թահրիրի հրապարակից: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով 11 մարդ զոհվել է, ավելի քան 450-ը վիրավորվել են:
Բանակի եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունենում ոչ միայն քաղաքի փողոցներում, այլեւ ինտերնետում: Երկու կողմերից մեղադրանքներ են հնչում չհիմնավորված բռնություն գործադրելու համար, ցանցում երկու կողմերն էլ մյուսի մեղքն ապացուցող տեսագրություններ են տեղադրում:
Իշխանություններն անկարգությունների մասնակից 200 մարդու են ձերբակալել, նրանցից 16-ին մեղադրանք է ներկայացվել իշխանություններին չհնազանդվելու, կառավարական շենքերն այրելու, մասնավոր եւ պետական գույքը փչացնելու, պայթուցիկ սարքերի պահպանման եւ օգտագործման համար:
Գլխավոր դատախազությունը հետաքննում է դեկտեմբերի 17-ին Եգիպտոսի խորհրդարանի շենքային համալիրում գտնվող գիտական կենտրոնի մասնաշենքում հրդեհի բռնկման հանգամանքները:
Ինչպես տեղեկացնում է դատախազությունը, ոչնչացել է ոչ միայն յուրօրինակ պատմական արժեք համարվող շենքը, այլեւ հարյուր-հազարավոր պատմական անգին փաստաթղթեր եւ գրքեր: Ոչնչացված գրական հուշարձանների թվում «Եգիպտոսի նկարագրությունը» հանրագիտարանի բնօրինակն է, որը Նապոլեոնի արշավանքների ընթացքում (1798 - 1801թթ.), կազմել են ֆրանսիացի գիտնականները, ինչպես նաեւ պատմական արխիվը: Հրշեջներին հաջողվել է կրակից փրկել ընդամենը 30 հազար գիրք:




























