Թուրքիան պատրաստվում է առերեսվել իր պատմության հետ եւ բացել արխիվները պատմաբանների համատեղ աշխատանքի համար` 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 22-ին ֆրանսիական խորհրդարանում Հայոց ցեղասպանության քրեականացման օրենքի վերաբերյալ սպասվող քվեարկության կապակցությամբ:

«Սակայն, եթե ճշմարտության պարզաբանման այդ մեթոդը ժխտվի եւ առաջնահերթ դառնան դոգմաները, ապա մենք կսկսենք խոսել ֆրանսիական գաղութատիրության մասին, որտեղ էլ որ լինենք»,-հայտարարել է նա, հաղորդում է թուրքական պետական Անատոլիա գործակալությունը:

Իր հերթին, ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուն այդ քայլն անվանել է ֆրանսիական ղեկավարության նախընտրական քարոզարշավի մի մասը: Նա նաեւ հայտարարել է, որ նախագահ Սարկոզին Թուրքիային օգտագործում է որպես գործիք իր քաղաքական շահերի համար:

«Այդ օրենքը հակասում է ԵԽԽՎ-ի սկզբունքներին, հակասում է ազատ կամարտահայտման սկզբունքին: Դուք իրավունք ունեք ճանաչել Ցեղասպանությունը, բայց ես իրավունք ունեմ ասել, որ դա Ցեղասպանության չէ»,-հայտարարել է նա, հաղորդում է թուրքական Today’s Zaman-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային խորհուրդը դեկտեմբերի 22-ին մտադիր է քվեարկեն այն օրինագծի օգտին, որը մեկ տարվա ազատազրկման է եւ 45 հազար եվրոյի չափով տուգանք է նախատեսում Հայոց Ցեղասպանության ժխտման համար: