ՀՀԿ-ն ապօրինի կերպով նախընտրական շտաբ է ձեւավորել այն դեպքում, երբ ընտրական օրենսգիրքն ասում է, որ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող թեկնածուները, կուսակցական դաշինքները ընտրությունը նշանակելուց հետո միայն կարող են ձեւավորել նախընտրական շտաբ: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ահազանգեց ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խչատրյանը: Սրան ի պատասխան բանավեճին հրավիրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը հարցրեց. «Բայց, ո՞վ է ասել, որ նախընտրական շտաբ ենք ձեւավորել»:
«Պարոն Հովիկ Աբրահամյանն ասում է, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի շտաբ»,- նկատեց Ֆելիքս Խաչատրյանը, սակայն Համլետ Հարությունյանը համառեց, որ իրենք դեռեւս շտաբ չունեն:
«Բայց տպավորություն եք ստեղծել, որ շտաբն ունեք, շտաբի պետն ունեք, տեղակալն ունեք: Ի՞նչ է հիմա Հովիկ Աբրահամյանը գործազո՞ւրկ է »,- հարցրեց Ֆելիքս Խաչատրյանը, ինչին Համլետ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ, գործազուրկ չէ, ԱԺ պատգմավոր է:
«Հովիկ Աբրահամյանը երեւի գնացել է, դրա համար է նման բան ասել»,- կարծիք հայտնեց Համլետ Հարությունյանը: «Ուրեմն խնդրում եմ Հովիկ Աբրահամյանին փոխանցեք թող թարգմանի իր միտքը: Հակառակ դեպքում ստացվում է, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ: Ավելին` հասկացվում է, որ Հռոմը Հովիկ Աբրահամյանի շտաբն է»,- եզրափակեց Ֆելիքս Խաչատրյանը:




























