Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` դեկտեմբերի 19-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության են արժանացել դեկտեմբերի 20-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպության եւ դրա շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանը:
Նախարարներն անդրադարձել են 2010 թ. դեկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի ընդունված որոշումների եւ օգոստոսի 12-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Համատեղ նիստին քննարկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծման 10-ամյակի կապակցությամբ անդամ-պետությունների ղեկավարների կողմից ընդունվելիք հայտարարությունը:
Հանդիպման օրակարգում էին նաեւ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմական, ռազմա-տնտեսական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության օպտիմալացման, ահաբեկչության եւ թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերը:
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ եւ պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են Կազմակերպության գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը, տեղեկատվական բնագավառում համագործակցության, կազմակերպչական եւ ֆինանսական հարցեր, ինչպես նաեւ համաձայնեցրեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:
Համատեղ նիստի արդյունքում ստորագրվել են շուրջ 20 փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:
Նիստի ավարտին ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին:
Նույն օրը կայացել են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի առանձին նիստերը:




























