Սիրիան ստորագրել է Արաբական երկրների լիգայի արձանագրությունը, որը թույլատրում է երկրում արաբական դիտորդների ներկայությունը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դիտորդները պետք է համոզվեն, որ երկրի իշխանություններն իրոք փորձում են խաղաղ ճանապարհով կարգավորել ճգնաժամը եւ դադարեցնել արյունահեղությունը:
Պայմանագիրը նաեւ ենթադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ բողոքող քաղաքներից զորքերի դուրսբերում, քաղբանտարկյալների ազատում եւ ընդդիմության հետ երկխոսության սկսում:
Հիշեցնենք, որ Սիրիան ամբողջությամբ չէր մերժել Արաբական երկրների լիգայի «ճանապարհային քարտեզը» , բայց պնդում էր, որ երկրի իրավիճակի մշտական դիտարկումը կխախտի դրա ինքնիշխանությունը:
Ինչպես տեղեկացնում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, Սիրիայի արտաքին գործերի եւ էմիգրացիայի նախարար Վալիդ Ալ-Մուալեմը Դամասկոսում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հաղորդել է, որ Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի հետ քննարկումների եւ համատեղ ջանքերի արդյունքում ընդունվել են սիրիական խմբագրումները արձանագրության տեքստում, որոնք վերաբերում են Սիրիայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությանը եւ արաբական առաքելության դիտորդների քայլերի համաձայնեցումը նրա հետ:
Ալ-Մուալեմն ընդգծել է, որ Լիգայի միջարաբական նախարարական հանձնաժողովը ընդունել է Սիրիայի ճշտումները, որոնք ներառվել են արձանագրության տեքստում:
2011թ. մարտից Սիրիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ընդդիմությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: ՄԱԿ-ի տվյալներով, հակամարտությունը 5 հազար մարդու կյանք է խլել:




























