Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտարարել է, որ ինքնակամ արտաքսումից հետո 2012-ի հունվարին վերադառնալու է հայրենիք: Նման հայտարարություն նա արել է Լոնդոնում` Պակիստանի Լախորում իր համախոհների հետ հեռուստակամուրջի ժամանակ: Նա նշել է, որ Պակիստանում իրադրությունը զարգանում է ոչ դեմոկրատական սցենարով, եւ նախազգուշացրել է բանակին քաղաքականության մեջ ընդգրկելու հավանական հետեւանքների մասին: Այդ մասին հաղորդում է The Express Tribune թերթը:

Նա պետության ղեկավարությանը մեղադրել է, որ չեն կարողանում համապատասխան ձեւով արձագանքել երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Մուշարաֆը հայտարարել է, որ նա Պակիստանը տարել է «բարգավաճման ուղով, կայունացրել է տնտեսական իրադրությունը` բարելավելով աշխարհում պետության իմիջը»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Պակիստանում լուրջ քաղաքական ճգնաժամ է սկսվել: Դրա համար առիթ է ծառայել գաղտնի նամակը, որը երկրի ղեկավարությունն  ուղղել է Վաշինգթոնին: Այդ փաստաթղթում Պակիստանի քաղաքական ղեկավարությունը խնդրում է ԱՄՆ-ին` օգնություն տրամադրել պակիստանյան հատուկ ծառայությունների եւ բանակի գեներալների հետ պայքարում, որոնց ձեռքում զգալի ռեսուրսներ եւ իշխանություն են կենտրոնացել: Դրա փոխարեն իշխանությունները խոստացել են ԱՄՆ-ի ամերիկամետ քաղաքականություն իրականացնել:

Իսլամաբադում տեղի ունեցածի ֆոնի վրա, շտապ Պակիստան է վերադարձել Ասիֆ Ալի Զարդարը, ով բուժման կուրս էր անցնում ԱՄԷ-ում:

Գեներալ Փերվեզ Մուշարաֆը անձամբ է ղեկավարել 1999-ի հեղաշրջումը: Տապալելով այն ժամանակ գործող իշխանություններին` նա կանգնել է պետության գլուխ եւ ղեկավարել 9 տարի: 2008-ին ընդդիմության ճնշման ներքո նա ինքնակամ հրաժարական է տվել եւ լքել երկիրը: